Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ԲՀԿ-ն մեռավ, կեցցե՛ ԲՀԿ-ն

ԲՀԿ-ն մեռավ, կեցցե՛ ԲՀԿ-ն
06.03.2015 | 00:47

Մարտի 5-ի և փետրվարի 5-ի ԲՀԿ-ների արմատական տարբերությունը. փետրվարի 5-ին ԲՀԿ-ն խոսում էր ու խոսում, մարտի 5-ի ԲՀԿ-ն հիմնականում լռում է:
Գագիկ Ծառուկյանը ընդմիշտ հեռացավ ԲՀԿ-ից, գնաց եկեղեցի կառուցելու, բարեգործություն անելու, Հայաստանի ՄՕԿ-ով զբաղվելու: Գնալուց առաջ հրաժեշտի ելույթ ունեցավ՝ ասելու, որ միշտ աշխատել է լինել անկեղծ ու բաց: Եթե աշխատանքի ընթացքում ծագել են լարվածության, իրար չհասկանալու պահեր, միշտ աշխատել է արագ հարթել, որպեսզի չմնա նստվածք կամ հետին միտք: Չդիմացավ ու ասաց. «Մեզ միասին հաջողվեց ստեղծել թե Հայաստանի ներսում, թե Հայաստանից դուրս լուրջ կշիռ ունեցող, մեծ հեղինակություն վայելող կուսակցություն», արձանագրելով, թե ինչ է հանձնում իրավահաջորդին, բայց այդ ասելիս Գագիկ Ծառուկյանը հաստատ նկատի ուներ փետրվարի 5-ի ԲՀԿ-ն:
Շեշտեց, որ քաղաքականության մեջ գտնվելու տարիներին երբեք չի հետապնդել անձնական շահ, չի օգտագործել ժողովրդի աջակցությունը անձնական նպատակներով, չի փոխանակել ժողովրդի հավատը պաշտոնների և այլ շահի հետ, թիմի և ժողովրդի մեջքի հետևում գործարքներ չի կնքել: Հավանաբար նորից նկատի ուներ մինչև փետրվարի 5-ի ԲՀԿ-ն, որովհետև փաստացի հեռացավ՝ պահպանելու այն, ինչից հրաժարվելու պատրաստակամությունը քանիցս հայտնել էր՝ հանուն ժողովրդի, շեշտելով, որ ամեն ինչ ունի ու ոչնչից չի վախենում: Նորից շեշտեց, որ միշտ դեմ է եղել մայդաններին, չէր կարողանա ներել իրեն, եթե թափվեր անգամ մեկ անմեղ մարդու արյուն: Դա այն սահմանն է, որն իր ուժերից վեր է: «Ինձ ընդունեք այնպիսին, ինչպիսին ես կամ»՝ այսպես քաղաքականությունից հեռացավ Գագիկ Ծառուկյանը, ում հայտնությունը և հեռանալը քաղաքական դաշտում ոչ այնքան իրեն էին բնորոշում, որքան Հայաստանի քաղաքական դաշտի մակարդակը, նպատակը, խնդիրներն ու այդ խնդիրների լուծման մասին պատկերացումները: Հեռանալուց առաջ նա կուսակցության նախագահի պաշտոնում առաջարկեց Նաիրա Զոհրաբյանին՝ հաշվի առնելով նրա ժողովրդականությունը, նվիրումը թիմին: Նաիրա Զոհրաբյանն ընտրվեց մեկ ձեռնպահով՝ Լևոն Խաչատրյանն էր: «Ինձ համար հեշտ չէ ստանձնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի պաշտոնը: Ես հասկանում և սթափ գնահատում եմ բոլոր հնարավոր դժվարություններն ու խնդիրները: Բայց դրանք բոլորը կլինեն հաղթահարելի միայն մեկ դեպքում, եթե մենք լինենք միասնական ու միմյանց օգնելով շարժվենք առաջ»:
«Վստահ եմ՝ միասին մենք կկարողանանք վերագտնել ժողովրդի հետ ինչ-որ չափով խաթարված երկխոսությունն ու շարունակել աշխատել պետության առջև ծառացած լրջագույն խնդիրները լուծելու համար»,- ասաց ԲՀԿ նորընտիր նախագահը և տեղնուտեղն արեց այն, ինչ Գագիկ Ծառուկյանը երբեք չէր արել՝ ԲՀԿ-ն հայտարարեց ընդդիմություն ու խոստացավ նույնը հայտարարել ԱԺ-ում: Նաիրա Զոհրաբյանն ավելին չասաց, նա միայն հավատացրեց, որ լրջագույն քննարկումների և վերլուծությունների փուլ է սպասվում՝ ընդդիմության հստակ և ընկալելի մարտավարություն մշակելու համար: «Մենք դա անելու ենք միասին, որովհետև մենք պատասխանատվություն ունենք ժողովրդի առջև: Այլ ճանապարհ չկա»: Փաստորեն, Նաիրա Զոհրաբյանը կատարեց իր առաջին սխալը՝ հայտարարելով, որ պատասխանատվություն ունեն ժողովրդի առաջ, ԲՀԿ-ն պատասխանատվություն ունի այսուհետ ՀՀԿ-ի առաջ, որի խոսնակ Էդուարդ Շարմազանովը իր կուսակցության անունից առաջինը շնորհավորեց Նաիրա Զոհրաբյանին ԲՀԿ նախագահ ընտրվելու կապակցությամբ:
ԲՀԿ-ից հեռացավ Վարդան Օսկանյանը: Ասաց՝ «ԲՀԿ-ին անդամակցությունս դադարեցնում եմ՝ գիտակցելով նրա անհաջողության մեջ պատասխանատվության իմ բաժինը»: ՈՒ բացատրեց՝ «Կուսակցությունը չկարողացավ իրականացնել հայ ժողովրդի, իմ գնահատմամբ, բացարձակ մեծամասնության ցանկությունը՝ այս փուլում արմատական փոփոխություններ իրականացնելու և երկիրը ոչ միայն ծանր վիճակից դուրս բերելու, այլև զարգացման ճիշտ և առողջ ճանապարհի վրա դնելու»: Վարդան Օսկանյանը շնորհավորեց Նաիրա Զոհրաբյանին և հաջողություն մաղթեց նախկին գործընկերներին: Չասաց՝ ինչ է անելու, բայց արդեն իսկ պարզ էր, որ միանալու է Ռոբերտ Քոչարյանին, որ նոր թիմ է հավաքում:
Այսքանը, գաղջ մթնոլորտը նոսրանում է: ԲՀԿ-ն այսուհետ կլինի Հովիկ Աբրահամյանի քաղաքական հենարանը, և Հովիկ Աբրահամյանը կլինի ԲՀԿ-ի լուսատու աստղը: Ընդդիմություն լինելու հայտարարությունն ընդունեք այնքանով՝ որքանով: Հավուր պատշաճի՝ տուրք քաղաքագիտությանը, որը մի քանի տարի շրջանցվում էր քաղաքական նպատակներով: Քաղաքական նպատակներ իշխանափոխության մասով այլևս չկան, կան քաղաքական խնդիրներ՝ մնալ նավարկության մեջ և հնարավորինս երկար լողալ: Բարի նավարկություն:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Հենց երեկ Գալուստ Սահակյանն ասաց, որ սահմանադրական բարեփոխումները կդրվեն հանրաքվեի, գուցե նույնիսկ այս աշնանը: Բայց հիմա ՀՀԿ-ն ունի շատ ավելի մեծ խնդիր, քան սահմանադրական հանրաքվեն: ԲՀԿ-ից դուրս է եկել Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը և ուզում է անդամակցել ՀՀԿ-ին, իսկ նա որ կուսակցություն գնում է, այդ կուսակցությունը սկսում է քանդվել՝ ՕԵԿ-ից ԲՀԿ:

Դիտվել է՝ 1540

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ